Ներկայացնում ենք դպրոցների վերաբացման ուղեցույցի յոթ ենթամասերից hաջորդ երկուսը` դասավանդող անձնակազմի հոգեբանական և սոցիալական-հուզական բարեկեցության և ուսուցիչների պատրաստվածության և ուսման գործընթացի վերաբերյալ
Դասավանդող անձնակազմի հոգեբանական և սոցիալական-հուզական բարեկեցությունը
COVID-19- ի համաճարակը կարող է հանգեցնել հոգեբանական սթրեսի ուսուցիչների, աշակերտների/ուսանողների և նրանց ընտանիքների համար: Ուսուցիչների համար այդ սթրեսը կարող է բխել ինչպես առողջության հետ կապված ռիսկերից, այնպես էլ նոր և դժվարին պայմաններում դասավանդման մեծ ծանրաբեռնվածությունից` չունենալով պատշաճ վերապատրաստում: Սա կարող է դառնալ մեծ խնդիր` հանգեցնելով բացակայությունների բարձր մակարդակի և նույնիսկ կարող է ստիպել որոշ ուսուցիչների լքել իրենց աշխատանքը՝ խաթարելով դպրոցական միջավայրի համաճարակային դիմակայությունը կառուցելու ջանքերին։ COVID-19-ի վերաբերյալ կրթական ոլորտի ցանկացած նախաձեռնություն պետք է ապահովի, որ ուսուցիչները և կրթական օժանդակ անձնակազմի աշխատակիցները ստանան շարունակական սոցիո-հոգեբանական աջակցություն: Սա շատ կարևոր է այն ուսուցիչների համար, ում հանձնարարված է նույն աջակցությունը ցուցաբերել աշակերտներին և նրանց ընտանիքներին:
Կրթական հաստատությունները պարտավոր են`
- Ուսուցիչների և աշակերտների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական-հուզական բարեկեցությանը որպես առաջնահերթություն ավելի վեր դասել ակադեմիական պարտավորություններից և ուսուցիչներին տրամադրել ուսուցման և գնահատական ակնկալիքների վերաբերյալ ուղեցույցներ: Երաշխավորել, որ ուսուցիչները (ներառյալ պայմանագրային հիմքով աշխատող ուսուցիչները) շարունակեն ստանալ կանոնավոր աշխատավարձ և նպաստ` անորոշություններից խուսափելու համար: Հնարավորության դեպքում անհրաժեշտ է շտկել վարչական փաստաթղթերը և կրճատել հաշվետվություններին առնչվող պարտավորությունները:
- Ապահովել, որ հոգեբանական և սոցիալական հուզական աջակցություն ստանալու համար ռեսուրսները հասանելի են բոլոր ուսուցիչներին և վերապատրաստել դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին, որպեսզի վերջիններս կարողանան նկատել սթրեսի նշանները ինչպես անձնակազմի, այնպես էլ սովորողների շրջանում ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն:
- Պաշտպանել խոցելի և ռիսկային խմբերին, որոնց թվում և ուսուցիչներին և կրթական օժանդակ անձնակազմին /մեծ տարիք ունեցողներ, խրոնիկ հիվանդություններ ունեցողներ/։ Վերապատրաստել դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին` ռիսկային խմբում գտնվող աշակերտներին նույնականացնելու համար և նրանց դպրոց վերադարձը ճիշտ կազմակերպել։
- Պայքարել խտրականություն և ստիգմատիզացիայի դեմ: Ապահովել համապատասխան քաղաքականության և կանոնակարգերի առկայությունը, որը կաջակցի դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին կանխելու COVID-19-ով պայմանավորված ցանկացած ծաղրանք դպրոցի շրջանում։
Ուսուցիչների պատրաստվածությունը և սովորելու գործընթացը
Դասընթացների դասավանդումը վերսկսելու համար անհրաժեշտ է ուսուցիչների և նրանց ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցել դպրոց վերադառնալու վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել համապատասխան վերապատրաստում ու ռեսուրսներ ուսուցիչներին և կրթական օժանդակ անձնակազմին։ Նման աջակցությունը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ ուսուցիչներից կարող է պահանջվել վարել դասընթացը և՛ դասարանում և՛ հեռավար մոդելով։
Կրթական հաստատությունները պարտավոր են`
- Աջակցել ուսուցիչներին և ներառել նրանց ուսումնական ծրագրերի համապատասխանեցման և գնահատման վերաբերյալ որոշումներում: Ներառել ուսուցիչներին և նրանց ներկայացուցչական կազմակերպություններին պաշտոնական խորհրդատվություններում` բացահայտելու կրթության հիմնական նպատակները, վերակազմակերպելու ուսումնական պլանները և գնահատումը վերանայված դպրոցական օրացույցի հիման վրա։
- Ընդունել ուսուցիչների առանցքային դերը ուսման բացերը հայտնաբերելու և ուսումնական ռազմավարության կազմակերպման գործում։ Աջակցել ուսուցիչներին վերադասավորել դասասենյակները թույլատրելով անհատական հանձնարարություններ տալն ու գնահատելը` միաժամանակ պահպանելով ֆիզիկական հեռավորության մասին կանոնակարգերը: Տրամադրել ուսուցիչներին ուղեցույցներ այն մասին, թե ինչպես պետք է բաշխել պարտականությունները աշակերտների միջև այն դեպքում երբ մի մասը լսարանում են, իսկ մյուս մասը շարունակում է հեռավար սովորել։
- Վերապատրաստել ուսուցիչներին գործել արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև ներկայացնել ուսուցիչներին նորարական ու այլընտրանքային ուսուցման մոդելներ։ Ուսուցիչների և նրանց ներկայացուցչական կառույցների հետ միասին վերանայել դասավանդման հետ կապված մոտեցումները, արտակարգ իրավիճակներում հեռավար կրթության ներկայիս քաղաքականությունը` կրթական համակարգերի կայունությունը ամրապնդելու համար: Դասավանդման գործիքազմի բարելավման նպատակով համագործակցել ուսուցիչների վերապատրաստման կառույցների հետ` զարգացնելով ուսուցիչների կարողությունները մանկավարժական նորամուծությունների ոլորտում, այդ թվում` թվային գրագիտության, ինֆորմացիոն հաղորդակցության տեխնոլոգիաների և աշակերտակենտրոն դասավանդման հմտությունների ոլորտում:
- Ուսուցիչների գործունեության գնահատումը անհրաժեշտ է հետաձգել կամ հարմարեցնել նոր իրողություններին` հաշվի առնելով դասավանդման պրակտիկայում ընթացող փոփոխությունները։ Հաշվի առնել, որ նրանց գնահատումը այս պարագայում ունենալու է ֆորմալ բնույթ` գնահատական տալով թե ինչպես են ուսուցիչները կիրառում նորարական մոտեցումները ապահովելու բոլոր երեխաների հասանելիությունը ուսման շարունակական հնարավորություններին և սոցիալ-հուզականորեն աջակցող ուսուցման միջավայրը։
- Ապահովել ուսուցիչների միջև կապ` միմյանց աջակցելու ու փորձի փոխանակման նպատակով, ինչպես նաև խթանել համագործակցությունը դպրոցի, համայնքային, պետական և միջազգային մակարդակներում։