Հաղորդագրություններ Հանրակրթություն

Հայաստանում այս տարի մեկնարկել է նախագծային ուսուցման պիլոտային ծրագիր

Հայաստանում այս տարի մեկնարկել է նախագծային ուսուցման պիլոտային ծրագիրը, որի հիմնական նպատակը 9-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական (ընտրովի` ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն կամ կենսաբանություն) առարկաների ավարտական քննությունները ուսումնական նախագծի իրականացմամբ փոխարինելն է։ Նախագծի պաշտպանության գնահատականը ներառվելու է 9-րդ դասարանի ավարտական փաստաթղթում։

Նշենք, որ Եվրոպական միության և ԿՏԱԿ–ի կողմից իրականացվող «Իթվինինգ Հայաստան» ծրագրի շրջանակներում հանրակրթական դպրոցներում 2013 թվանից ի վեր իրականացվել են նախագծային ուսուցման առանձին աշխատանքներ, ուստի ԿՏԱԿ կուտակած փորձը այս բնագավառում հիմնաքարային եղավ նախագծային ուսուցման պիլոտային ծրագրի մշակման և իրագործման աշխատանքների արդյունավետ իրականացման համար։

Ծրագրի մեկնարկից առաջ՝ 2023 թ․ սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ն անցկացվեցին խորացված վերապատրաստման դասընթացներ՝ նախագծային ուսուցման իրավական հիմքերի և կարգավորումների, ուսումնական նախագծերի և դրանց գնահատման չափանիշների, նախագծի պլանավորման, վարման և հաշվետվությունների կազմման կարգի և այլնի վերաբերյալ։ Այս դասընթացների արդյունքում ձևավորվեց 15 հոգուց կազմված վերապատրաստողների խումբ, որոնցից 6-ը ԿՏԱԿ–ի աշխատակիցներ են, իսկ 9-ը՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատությունների՝ նախագծային ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտած փորձառու մասնագետներ։

Պիլոտային ծրագրի առաջին փուլն իրականացվեց Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Հաղարծին համայնքների միջնակարգ և հիմնական 4 դպրոցներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Տավուշի մարզում են իրականացվել առարկայական նոր չափորոշիչների փորձարկումները, նախագծային կրթության այս ծրագիրը ևս փորձարկվեց այստեղ:

Այս ընթացքում «Նախագծային ուսուցում» թեմայով վերապատրաստման դասընթացների է մասնակցել ՀՀ տարբեր մարզերի շուրջ 360 ուսուցիչ՝ առկա և հեռավար ձևաչափերով։

Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, ընդհանուր առմամբ, ուսումնական նախագիծը՝ որպես ավարտական աշխատանք, ընտրել են Տավուշի մարզի 76 դպրոցներից 27-ը, այդ թվում 7 դպրոցներում իրականացրել են ոչ թե մեկ այլ՝ 2 կամ 3 նախագիծ։ Ուսումնական նախագծով ավարտական քննություններին մասնակցել է 247 աշակերտ։

Հատկանշական է, որ ուսումնական նախագծերն ընտրած աշակերտներից ոչ ոք հետագայում չի հրաժարվել նախագծին մասնակցելուց, չնայած, որ հայեցակարգով թույլատրվում է նաև այդ տարբերակը։ Ինչպես նաև, բոլոր աշակերտները հաղթահարել են գնահատման նվազագույն դրական շեմը և քննությունից անբավարար ստացողներ չեն եղել։