Ոլորտի նախագծեր

Ուսուցիչների գրեթե կեսը անցողիկ շեմը չի հաղթահարել․ամփոփվել է ատեստավորման առաջին փուլը

Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից 996-ը մասնակցել են գործընթացին։ Միայն 47, 2 %-ն է հաղթահարել անցողիկ շեմը։ Այն հաղթահարել չի կարողացել 528 ուսուցիչ։ Գործադիրի՝ հոկտեմբերի 21-ի նիստում այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

 

Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ Դումանյանը տեղեկացրել է, որ այն 468 ուսուցիչները, ովքեր հաղթահարել են անցողիկ շեմը, կստանան շուրջ 35- 60 հազար դրամով բարձրացված աշխատավարձեր՝ ըստ վաստակած միավորների․

«Ուսուցիչների միջին աշխատավարձը՝ մեկ դրույքի, կազմում է 125 հազար դրամ, այսպիսով՝ 30% հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 37.000 դրամով, 40%-ինը՝ 50.000-ով, 50% ստացածներինը՝ շուրջ 61.500 դրամով»

Ծրագրի հաջորդ փուլերում արդեն իսկ ատեստավորված ուսուցիչները կանցնեն երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ Ըստ այդմ՝ նրանց աշխատավարձը կրկին կբարձրանա։

Առաջին փուլի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկայից․ շեմը հաղթահարել է մասնակիցների 87%-ը։ Երկրորդ տեղում ֆիզիկան է՝ 56%-ով, երրորդում՝ հայոց լեզուն՝ 41%-ով։ Ամենացածրը քիմիա առարկայի ցուցանիշն է, մասնակից ուսուցիչների միայն 11%-ն է շեմը հաղթահարել։

Բարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի, Շիրակի ու Կոտայքի մարզերում՝ ըստ հերթականության։

Ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների գրեթե կեսը՝ 528 ուսուցիչ, չի հաղթահարել անհրաժեշտ միավորների շեմը։

5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներն են մասնակցել այս փուլին, ատեստավորումն իրականացվել է 7 առարկաների գծով։ Դումանյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարի գործընթացում կներառվեն բոլոր առարկաների ուսուցիչները։

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է այս տարի։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ գործընթացը շարունակական է և կտևի մոտ 3 տարի։

Նպատակը արդի պահանջներին համապատասխան ուսուցիչների մուտքը դպրոց ապահովելն է՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ։

«Եթե ուսուցիչը չի մասնակցի կամավոր ատեստավորմանը, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից»,– նշում է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ծրագրի ներդրման արդյունքում Հայաստանի կրթական համակարգում կմնան բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Մյուսներին կառավարության ղեկավարը խոստանում է աջակցել մասնագիտական վերապատրաստման և այլ աշխատանք գտնելու հարցում։

Կրթության փորձագետի կարծիքը

 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անիմաստ է համարում ցածր արդյունքների համար ուսուցիչներին քննադատելը։

«Այս մարդիկ խիզախել են, առաջինն են դիմել։ Որևէ կերպ իրենց պատժել կամ քննադատել պետք չէ», — JAMnews-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Փորձագետի խոսքով՝ այն, որ ուսուցիչների գրեթե կեսը չի հաղթահարել անցողիկ շեմը, կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Խաչատրյանը կարծում է, որ պատճառներից առաջինն այն է, որ չկար շտեմարան կամ հարցաշար։ Ստացվում է՝ ուսուցիչների համար պարզ չէր՝ իրենց ինչ են հարցնելու, ինչպիսի առաջադրանքներ են լինելու։ Ըստ նրա՝ այս հանգամանքը բացասաբար է ազդել ատեստավորման գործընթացի վրա։

«Մյուս պատճառը կարող է լինել այն, որ, բնականաբար, մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք տարիքով են, և գիտեք՝ հասուն տարիքում այդքան էլ հեշտ չէ քննություն հանձնել․ և՛ հիշողության խնդիր կարող է լինել, և՛ արագության։ Հաճախ մարդիկ ավելի դանդաղ են մտածում մեծ տարիքում։ Ինձ թվում է՝ սա էլ իր դերը խաղացել է»։

Խոսելով ամենաբարձր և ամենացածր արդյունք գրանցած առարկաների ուսուցիչների մասին՝ Սերոբ Խաչատրյանն արդյունքները խայտաբղետ բնորոշեց։ Ըստ նրա՝ կարող է լինել երկու վարկած, թե ինչու են արդյունքներն այդքան տարբեր 7 առարկաների դեպքում։

«Մեկը այն է, որ հնարավոր է՝ թեստերի միջև որոշակի անհամամասնություն եղած լինի, օրինակ՝ քիմիան, աշխարհագրությունն ավելի ծավալուն են եղել, ավելի բարդ, քան, ասենք, մաթեմատիկան։ Իհարկե, սա պետք է ասեն առարկայի մասնագետները։

Երկրորդ վարկածն այն է, որ հնարավոր է՝ այն առարկաների ուսուցիչները, որոնք նաև կրկնուսույց աշխատելու փորձ ունեն, ավելի հաջող են հանձնել», — կարծիք հայտնեց Խաչատրյանը։

Կրթության փորձագետը մտահոգիչ է համարում այն փաստը, որ նախապես դիմած ուսուցիչների 30%-ն այդպես էլ չի մասնակցել ատեստավորմանը։ Ասում է՝ չի ստեղծվել ապահով միջավայր, որ մարդը գա, հանձնի ու չվախենա ցածր ստանալուց․

«Մարդկանց անորոշությունն է վախեցրել․ մտածել են՝ անորոշ է, չգիտեմ՝ կկարողանամ, չեմ կարողանա, ինչ բարդության է լինելու։ Ռիսկի չեն դիմել»։

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրումից փորձագետը մեծ ակնկալիքներ չունի։

Սերոբ Խաչատրյանը չի կարծում, թե ատեստավորումը համակարգային խնդիր կլուծի, կրթության կամ ուսուցիչների աշխատանքի որակ կբարձրացնի։

«Չեմ կարծում, որ իրենք մինչև հիմա վատ էին աշխատում, հիմա, որ 30.000 դրամ ավելի ստանան, շատ լավ կաշխատեն», — նշում է կրթության փորձագետը։

Ասում է՝ ուսուցիչները շատ ավելի լավ կաշխատեն, եթե բարելավվի միջավայրը։