Ձեռնարկներ և ուղեցույցներ Ոլորտի նախագծեր

Խնդրահարույց են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները․ դրվագային լուծումներ են տալիս խնդիրներին, ո՛չ համակարգային․

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է առաջարկված նախագիծը՝ վեր հանելով մի շարք թերացումներ: Oրերս պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել են առաջարկներ։

 

Ի թիվս այլ հարցերի՝ ՀՔԱՎ իրավաբաններ Սոֆյա Պետրոսյանը և Տիրուհի Վարդանյանը խնդրահարույց են համարում այն, որ առաջարկվող նախագծով սահմանվում է՝ աշխատող անձը կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ աշխատանքային պայմանների փոփոխման, աշխատանքային հարաբերությունների դադարեցման, իր իրավունքների առերևույթ խախտման այլ դեպքերում։ Ըստ մասնագետների՝ նման դրույթի նախատեսմամբ սահմանափակվում է աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության իրականացումը։ Առաջարկում են հավելումներ կատարել։

 

Հայաստանում աշխատողը կարող է ենթարկվել տարատեսակ հետապնդումների ղեկավարության կողմից։ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջներով հայցային վաղեմության պահանջ չտարածելու մասին դրույթ, մինչդեռ, ըստ ՀՔԱՎ մասնագետների, սահմանված չէ ամենից շատ տարածված հանցադեպերից մեկը, երբ սեռական հետապնդման միջոցով նսեմացվում է անձի արժանապատվությունը։

 

 

Հայաստանյան իրականության մեջ առավել հանդիպող խախտումներից մեկն այն է, երբ քաղաքացին աշխատում է սահմանված ժամից ավելի, սակայն հավելավճարներ չեն սահմանվում, տրվելու դեպքում էլ հասկանալի չի դառնում՝ արդյո՞ք արդարացի է այդչափ գումար տրամադրելը։ Իրավաբանները հարցազրույցում առաջարկում են կոնկրետացնել խախտումների դեմ սահմանված կարգավորումները։

 

Եվ մեկ կարևոր խնդիր՝ աշխատանքային պայմանագրի լուծման թեմայով․ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործող օրենսգիրքն ընդարձակում է գործատուի կամքի ազատությունը՝ իր նախընտրած աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու հարցում։ Մասնագետները, թեև որոշ վերապահումներ ունեն այս հարցում, այդուհանդերձ, նկատում են առաջընթաց։

 

 

Ամփոփելով․ ՀՔԱՎ իրավաբաններ Սոֆյա Պետրոսյանը և Տիրուհի Վարդանյանը, ընդհանուր առմամբ, խնդրահարույց են համարում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները՝ կարծիք հայտնելով, որ գործ ունենք դրվագային և ո՛չ համակարգային լուծումների հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

https://factor.am/431797.html?fbclid=IwAR1RDkxrwCi3kv1GkUo4GrQALwLFhRFHvuNh6VfHoAtv_1_U_ZW4kjyIf5s