Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը հայտնվեց ճգնաժամային իրավիճակում, ինչը ստիպեց երկրի իշխանություններին մտցնել սահմանափակումներ հանրային կյանքի կազմակերպման և շփման գրեթե բոլոր ոլորոտներում: Պարզ էր, որ համաճարակային պայմաններում չէին կարող նաև գործել երկրի ուսումնական հաստատությունները:
Հայաստանում բոլոր ուսումնական հաստատությունները մարտի 1-ից, Հայստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված առաջին դեպքից հետո,նախ գնացին մեկշաբաթյա հարկադիր արձակուրդի, ապա մարտի 15-ից մինչև ուսումնական տարվա ավարտը ուսումնական գործընթացը և սովորողների հետ կապը փորձեցին կազմակերպել հեռավար կամ որ ավելի ճիշտ է՝ առցանց եղանակով:
Այստեղ նախ հարկ է նշել, որ մինչ այդ ( ինչու չէ նաև մինչև հիմա) ուսումնական գործընթացի կազմակերպիչներից շատերը գաղափար չունեին կամ լավ չէին պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում հեռավար կրթությունը և նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում դրան առնչվող անդրադարձերն ու ձևակերպումները հստակ չեն:
Ահա այս պայմաններում էր, որ հայաստանյան շուրջ 1400 դպրոցների 36000 մանկավարժական աշխատողներ ստիպված եղան փորձել հարմարվել նոր իրավիճակին, ինքնակազմակերպվել և ձեռքի տակ եղած հնարավոր և անհնար միջոցներով ձեռնարկել ուսումնական գործի կազմակերպումը իրենց կացարաններից:
Փաստ է, որ եթե կան հեռավար կրթության կազմակերպմանը առնչվող սաղմնային իրավական ձևակերպումներ, սակայն բացակայում են դրան կազմակերպման հստակ մեխանիզմները, գործիքակազմը, չափորոշիչները, ժամաքանակային արդյունավետ բաշխվածությունը և ուսումնական պրոցեսի կազմակերպման համար անհրաժեշտ այլ բաղադրիչներ: Այստեղ հարկ է նշել, որ հայաստանյան դպրոցներում ուսումնական գործընթացներում մեդիագործիքների կիրառումը գրեթե բացակայում է, ինչը ուղիղ վկայությունն է այն բանի, որ ուսումնական հաստատություններից շատերը չունեն համապատասխան միջոցներ և առկայության պարագայում անգամ, առաջանում է դրանք ուսումնական նպատակներով կիրառելու խնդիր:
Առանց այդ էլ հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի մոտ (սկսած նախարարության բարձր պաշտոնյաներից) կա մտայնությունը, որ երկրում առկա կրթության որակի ցածր արդյունավետությունը և ոլորտի խնդիրների մեծ մասը պայմանավարոված է մանկավարժական աշխատողների ցածր որակավորմամբ և ուսումնական պրոցեսի ոչ արդյունավետ կազմակերպմամբ, իսկ այս դեպքում, եթե դրան ավելացնենք, որ մանկավարժական աշխատողներից շատերը օբյեկտիվ պատճառներով չեն տիրապետում մեդիագործիքներին, առարկայական առանձնահատկություններից ելնելով անհրաժեշտ ծրագրերին, ապա դժվար չէ կռահել, թե ինչ ծանր բարոյահոգեբանական ճնշման տակ հայտնվեցին մանկավարժական աշխատողներից շատերը, ովքեր գրեթե միայնակ տարան «հեռավար կրթության» արդյունավետ կազմակերպման գրեթե ողջ բեռն ու պատասխանատվությունը, եթե հաշվի չառնենք ԿԳՄՍ նախարարության առաջարկած մեդիահարթակներում առկա կիսատ-պռատ մեդիաուսումնաօժանդակ միջոցներն ու գործիքները:
Տարածված է թյուր պատկերացում, որ հեռավար կրթության կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ ընդամենը մեդիագործիք, համացանց և ըստ առարկայական առանձնահատկությունների նաև տիրապետել ծրագրերին և դրանց կիրառման հմտություններին: Սակայն իրականում հեռավար կրթություն ասվածը շատ ավելի համընդգրկուն չափանիշներ և բաղադրիչներ է պարունակում և տարբերվում է ավանդական դպրոցում դասարանային ուսումնական պրոցեսի բոլոր փուլերից, ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ:Այդուամենայնիվ դասավանդողներից շատերը նույնիսկ վերը ներկայացված անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոցներին և ունակություններին չտիրապետելով՝ ստիպված էին ինքնուրույն հոգալ և սեփական միջոցներով լուծել շատ խնդիրներ:Ստեղծված իրավիճակում ուսումնական պրոցեսի կազմակերպման գրեթե բոլոր միջոցների բացակայության դեպքում, և եթե դրան հավելենք տեղաշարժման սահմանափակումները, տեխնիկայի և ծրագրային հավելումների մատակարար խանութ սրահների անհասանելիությունը, ապա պարզ է թե ինչ բարդ խնդիրներին են բախվել հեռավոր գյուղական դպրոցից մինչև մայրաքաղաքային դպրոցների մանկավարժները:
Հեռավար կրթության կազմակերպման համար ևս անհրաժեշտ է համապատասխան հարմար միջավայր և պայմաններ, սակայն արտակարգ իրավիճակով պայմանավորված տեղաշարժման սահմանափակումները ստիպեցին, որ դասավանդողները ուսումնական պրոցեսը կազմակերպեին իրենց կեցավայրից՝ կամա, թե ակամա ենթարկվելով անձնական կյանք այլոց կողմից անհարկի ներթափանցման: Անհատի անձնական կյանքը, սոցիալական և ընտանեկան վիճակը գաղտնիք է, և անհատն ինքն է որոշում խոսել դրանց մասին, ներկայացնել դրանք, թե ոչ: Սակայն, այս դեպքում, հաշվի առնելով մանկավարժական աշխատողներից շատերի սոցիալական վիճակը՝ շատերը պարզապես ստիպված էին ենթարկվել այդպիսի «ներթափանցումների» չունենալով կացարանում առանձին մեկուսանալու անհրաժեշտ պայմաններ: Հարկ է նշել, որ այս գործընթացում նաև անհարմարությունների բախվեցին մանկավարժական աշխատողներից շատերի ընտանիքի անդամները ևս:
Հաշվի առնելով, որ կրթության մատուցման այս ձևին երկիրը անցավ խիստ տարերայնորեն, և չձևակերպվեցին հեռավար կամ առցանց կրթության ընթացքում կողմերի՝ դասավանդող, սովորող, ծնող, վարքականոներ և քանի որ սովորողները ևս ուսումնական պրոցեսին մասնակցում էին իրենց կացարաններից, շատ դեպքեր են արձանագրվել, երբ սովորողների ծնողները անհարկի միջամտել, ընդհուպ դիտողություն են արել:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ կրթության մատուցման այս անցմանը Հայաստանի կրթական համակարգը մոտեցավ անպատրաստ և չնայած այս փուլում շատերի ներդրած ջանքերին, միևնույն է դրանք բավարար չէին որակյալ համարել մատուցված ծառայությունը: Մնում է, որ հայաստանյան հասարակությունը կգիտակցի թերությունների համակարգային լինելը և ողջ մեղքը հերթական անգամ չի բարդվի մանկավարժական աշխատողների վրա: