ԿԳՄՍ-ն քննարկման է ներկայացրել առարկայական չափորոշիչները և ծրագրերը: «Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպությունն անդրադառնալու է դրանցից մի քանիսի բովանդակային խնդիրներին: Ստորև ներկայացնում ենք Աղասի Մարգարյանի անդրադարձը Հայոց պատմության չափորոշիչներին և օրինակելի ծրագրին:
Հանրակրթական ցանկացած առարկայի ուսումնառության հայեցակարգը համապարփակ փաստաթուղթ է, որը միտված է ի մի բերել տվյալ առարկայի դասավանդման հիմնարար ուղենիշերը ինչպես դասավանդողների, այնպես էլ սովորողների համար։ Ինքնին, ուսումնառության հայեցակարգը բովանդակային առումով պետք է ներկայացնի առարկայի ուսումնասիրության հիմնադրույթների ամբողջությունը, որը վերջնարդյունքում կկատարի ոչ թե սոսկ ձեռնարկի գործառույթներ, այլ կձևավորի առանցքային պատկերացումներ՝ առարկայի ուսումնասիրության նպատակի, լուծելիք խնդիրների, մեթոդի և առարկայի ուսումնասիրության գործընթացի կազմակերպման վերաբերյալ։
«Հայոց պատմություն» հանրակրթական առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծում, վերոնշյալի տեսանկյունից առկա են մի շարք վիճելի և ոչ հստակ սահմանումներ, որոնք, առնվազն, քննարկումների կարիք ունեն։
Ընդհանուր դիտարկումներ
Հրապարակված փաստաթղթում ակնհայտորեն առկա են տեքստի մատչելիության, հայոց լեզվի շարահյուսական և ձևաբանական կանոններին չհամապատասխանող ձևակերպումներ, արտահայտություններ և նախադասություններ, որոնք, թերևս, հետևանք են այլ լեզուներից թարգմանված լինելուն կամ տեքստի՝ լեզվական տեսանկյունից սրբագրված չլինելուն։ Փաստաթղթում հաճախ են հանդիպում եզրույթներ, որոնք անհիմն կերպով կիրառված են տեքստին չափազանցված արտահայտչականության հաղորդման համար՝ «պետականակիր գիտակցություն», «պատմության խորապատկեր», «քաղաքակրթական տեսլական», «նոր ինքնության ստեղծում», «ազգային պետականակիր արժեհամակարգ», «հայկական քաղաքակրթություն»և այլն։
Փաստաթղթի մի շարք բաժիններում աչքի են զարնում կրկնաբանությունները, մասնավորապես «Երվանդուների թագավորություն», «Արշակունիների թագավորություն», «Արտաշիսյանների թագավորություն», «Բագրատունիների թագավորություն» բաժինների վերջնարդյունքներ բաժինների տեքստերը գրեթե նույնական են, ինչը առնվազն նպատակահարմար չէ՝ նկատի ունենալով հիշյալ թագավորությունների միջև առկա ժամանակագրական, սոցիալ-տնտեսական և պատմաքաղաքական տարբերությունները։ Թերևս ակնհայտ է, որ սովորողի մոտ Երվանդունիների թագավորության կազմավորւմն ու անկումը բաժնից ստացած գիտելիք-վերջնաարդյունքը չի կարող նույնական լինել Բագրատունիների թագավորության կազմավորումն ու անկումը բաժնից ստացած գիտելիք–վերջնարդյունքին։
«Հայոց պատմություն» հանրակրթական առարկայի ուսումնառության հայեցակարգ-փաստաթղթում արտացոլված չէ նաև տևական ժամանակ հայագիտական և պատմագիտական մասնագիտական շրջանակներում առկա բանավեճն առ այն, թե ի վերջո սույն առարկան ուսումնասիրում է զուտ հայ ժողովրդի պատմությունը, թե հայկական պետականության պատմությունը։ Անշուշտ, այս խնդիրը չափազանց բազմաշերտ է, և «Հայոց պատմություն» խորագիրը որոշակիորեն գիտակարգային բանավեճերից խուսափելու միտում ունի։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ խնդրո առարկա հիմնարար փաստաթղթում անդրադարձ չկա Հայաստանի հանրապետության ազգային փոքրամասնություններին, վերջիններիս մոտ առարկայի ուսումնասիրության չափորշիչներին, նպատակներին և մեթոդաբանությանը։ Փաստաթղթոում հաճախ են հանդիպում «հայ ինքնություն», «նոր հայկական ինքնություն» և այսօրինակ ձևակերպումներ, որոնք գուցե կիրառելի են հրապարակային, հրապարակախոսական տեսքստերում, սակայն դրանց կիրառումըպատմագիտության, ազգաբանության և ընդհանրապես հասարակագիտական գիտակարգերի տեսանկյունից ոչ միշտ է արդարացված և հիմնավորված։
Հարկ է նշել, նաև հրապարակված նախագծում առկա են բազմաթիվ՝ թե տեքստային, թե բովանդակային կրկնաբանություններ 2012 թվականին հաստատված չափորոշիչների համամատությամբ։ Սա իհարկե, չի նշանակում, թե ներկայացված փաստաթուղթն արտագրություն է կամ այդպիսիք պետք է ի սպառ բացառվեին, սակայն այս փաստից ակնհայտ է նաև, որ որոշակի դեպքերում առկա չէ «Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրության հայեցակարգի մշակման ստեղծարարություն։
Դիտարկումներ հայեցակարգի բաժինների վերաբերյալ (համառոտ օրինակներ)
7-րդ դասարան• Օրինակելի ծրագրում նշվում է «Արարատյան (Վանի) համահայկական թագավորություն» բաժինը, ինչը պատմագիտության տեսանկյունից վիճելի ձևակերպում է, քանի որ առնվազն վիճելի է «Վանի թագավորության» (ինքնաանվանումով՝ «Բիայնայի երկիր», աղբյուրագիտական հանդիպող անվանումներվով՝ «Ուրարտու») համահայկական բնույթը։ Ինչ խոսք, Արարատյան թագավորությունը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում, պատմական Հայաստանի պատմաաշխարահագրական սահմաններում, սակայն համաշխարհային պատմագիտության, ազգագրության, լեզվագիտության տեսանկյունից ապացուցված չէ այն, որ «բիայնացիները» կամ «ուրարտացիները» պատկանում էին հայերի ազգաբանական տիպին։ Ավելին՝ ներկայումս հայտնի ուրարտական արձանագրությունների հիման վրա պատմագիտության տեսանկյունից ապացուցված է համարվում այն, որ «ուրարտերենը» կամ Արարատյան թագավորության պաշտոնական լեզուն չի պատկանում հնդեվրոպական լեզվընտանիքին, որին պատկանում է հայերենը։ Առնվազն վերահիշյալը բավարար է, որպեսզի հայեցակարգային փաստաթղթում Արարատյան թագավորությունը չներկայացվի որպես համահայկական պետականություն։ Հավելենք, որ փաստաթղթում նշված չէ Արարատյան թագավորության ինքնանվանում՝ Բիայնայի երկիր։
7-րդ դասարանի օրինակելի առարկայական ծրագրի «Ներածություն» բաժնի վերջնարդյունքում նշված է՝ «Նկարագրի հայոց հայրենիքը, սահմանները, փաստերով հիմնավորի հայերի տեղաբնիկ ծագումնաբանությունը և Հայկական լեռնաշխարհը որպես հայոց քաղաքակրթության բնօրրան, արտահայտի սեփական տեսակետ հայ ժողովրդի առաքելության, մեր հայրենիքի սրբազան տարածք լինելու վերաբերյալ»։
«Հայոց պատմություն» առարկայի ներածություն բաժնում ներկայացված են հայ ժողովրդի և հայկական պետականության ծագման հիմնական այդ թվում՝ առասպելաբանական և աստվածաշնչյան վարկածները, սակայն, որպես բաժնի վերջնարդյունք գիտելիք «մեր հայրենիքի սրբազան տարածք լինելը» կամ այդպիսին լինելու տեսակետի ձևավորումը առնվազն գիտական չէ և սովորողի մոտ ձևավորում է վերացական պատկերացում պատմություն գիտակարգի, ինչպես նաև հայ ժողովրդի և հայկական պետականության ձևավորաման պատմա-աշխարհագրական, պատմաքաղաքական նախադրյալների և միջավայրի վերաբերյալ։
Հայոց պատմություն 8-րդ դասարան
Առարկայի «ներածություն» բաժնին հաջորդող «Հայկական քաղաքակրթությունների մարտահրավերները XI-XIV դարերում. տափաստանային ցեղերը Հայաստանում» բաժնի խորագիրն, ինքին խնդրառական է։ Հասարակագիտական գիտակարգերում «քաղաքակրթություն» եզրույթի օգտագործումը, որպես կանոն ներառում է ժամանակագրական, պատմաքաղաքական, պատմամշակութային շատ ավելի լայն սահմաններ, քան այս կամ այն պետականությանը բնորոշ սահմաններն են։ Թերևս փաստաթղթի հեղինակները «հայկական քաղաքակրթություններ» եզրույթն օգտագործել են նկատի ունենանալով նաև Կիլիկայում հայկական պետականությանը, սակայն այսօրինակ չափազանցությունները հասարակագիտական գիտակարգերում բերում են սովորողի աշխարհայացքում վերացական և երբեմն էլ հակագիտական պատկերացումների, ոչ ռացիոնալ և ոչ կիրառական գիտելիքի ձևավորման։ Հիմնավորված չէ նաև «տափաստանային ցեղեր» եզրույթի կիրառումը, որն առնվազն պատմագիտական բնորոշիչ չի կարող լինել որևէ էթնիկ խմբի կամ պետականության համար։ Եթե փաստաթղթի հեղինակները սույն ձևակերպմամբ նկատի են ունեցել մոնղոլներին, թյուրքական ցեղախմբերին, ապա օսմանյան թուրքերին, ապա նշենք, որ առնվազն մոնղոլներն ստեղծեցին մոնղոլական կայսրություն, իսկ մի շարք թյուրքական ցեղեր՝ Իկոնիայի սուլթանություն պետական կազմավորումները, որոնց նկատմամբ «տափաստանային» գնահատականը կիրառական լինել չի կարող։
Հայոց պատմություն 9-րդ դասարան
Փաստաթղթի 9-րդ դասարանին վերաբերող հատվածում հանդիպում ենք «անկախացում խորհրդային անցյալից» թմատիկ ենթաբաժնին, որը բվանդակային առումով խնդրառական է՝ թեև թեմային վերջնարդյունքում նշվում է, որ սովորողի մոտ պետք է ձևավորվի գիտելիք-վերջնարդյունք Խորհրդային Հայաստանի տեղի, դերի, ձեռքբերումների, կորուստների վերաբերյալ։ Սույն արձանագրումների ֆոնին անհասկանալի և հակասական է «խորհրդային անցյալից անկախացում» ձևակերպումը, քանի որ խորհրդային շրջանը հայաստանյան հասարակության, հայկական պետականության անբաժան հատվածն է, որի պատմաքաղաքական, պատմամշակութային ընկալումն ու արժեվորումը արդիական խնդիր է՝ այս թվում նաև սովորղի մոտ հստակ պատկերացման ձևավորումը, թե ինչ համատեքստերում Հայաստանի երրորդ հանրապետությունը չի կարող լինել Խորհրդային Հայաստանի քաղաքական իրավահաջորդը։
Սույն դիտարկումները կրում են նախնական բնույթ: Չափորոշչի և օրինակելի ծրագրի ուսումնական,
մեթոդական, կիրառելի հմտությունների, կարողությունների, դրանց ձևավորմանը նպաստողգ
ործիքներին և բնույթին կանդրադառնանք առանձին: