Եվրոպական միության աջակցությամբ աշխատանքային իրավունքների թեմայով դասընթացներ՝ ՀՀ մարզերում
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակում «Կրթություն և համերաշխություն» արհմիությունն արդեն 22 դասընթաց է իրականացրել ՀՀ 8 մարզերի թվով 435 քաղաքացիների համար։ Եվս 8 դասընթաց և մեկ եռօրյա հավաք կանցկացվեն առաջիկա ամիսներին Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի ու Արարատի մարզերի բնակավայրերում։
2021 թ․ մայիսին դասընթացներ անցկացվեցին Գյումրիում, Աշտարակում, Արթիկում և Մարալիկում։ 2022-ի փետրվար-մարտ ամիսներին անցկացվել են 3 դասընթացներ Շիրակի մարզի Կառնուտ, Արագածոտնի մարզի Կարին և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայքներում՝ ընդհանուր շուրջ 70 մասնակիցների համար։
Դասընթացները վարեցին աշխատանքային իրավունքի մասնագետներ, իրավախորհրդատուներ Նարեկ Ներսիսյանը և Տիգրան Կիրակոսյանը։
Դասընթացավարները ներկայացրին ուսուցիչների ու կրթության ոլորտի աշխատողների աշխատանքային իրավունքներին վերաբերող թեմաները, մասնակիցները հատկապես հետաքրքրված էին օրենսդրական կարգավորումների, իրենց իրավունքների, պարտականությունների և կոլեկտիվ գործունեության, աշխատանքային հարաբերությունների զարգացման հարցերով։
Արժանապատիվ աշխատանք, հիմա՛ ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի, Ֆակտոր տեղեկատվակական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ փետրվարից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։