«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի կազմավորման նպատակով այսօր առցանց հարթակում վիճակահանությամբ անցկացվել է աշակերտական խորհրդի և ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը:
Աշակերտական խորհրդի նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ արձանագրելով, որ խորհրդի 43 անդամից վիճակահանությանը մասնակցում է 38 աշակերտ, քանի որ 5-ն այս տարի ավարտել են դպրոցը և այլևս խորհրդի անդամ չեն։ Վիճակահանության արդյունքում մրցութային հանձնաժողի անդամներ են ընտրվել Արմավիրի մարզի Երվանդաշատի միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբեն Սարգսյանը և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սան Մարինե Վարդանյանը։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նորընտիր անդամներին՝ հանձնաժողովում աշխատելու և ուսուցիչների ներկայացրած լավագույն նախագծերն ուսումնասիրելու պատրաստակամության համար։
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ փոխնախարար Ժ.Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկա նիստի ընթացքում աշակերտական խորհուրդը համալրվելու է նոր անդամներով։
Առցանց մեկ այլ հանդիպման ընթացքում այսօր ընտրվել են նաև «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարած ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Լոռու մարզի Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցը, ինչպես նաև «Մասնակցային դպրոց», «Կրթություն և համերաշխություն» ու «Նոր ժամանակի կրթություն» կազմակերպությունները։ Վիճակահանության արդյունքում ընտրվել են Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցը և «Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպությունը։ Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ, այսպիսով, հասարակության տարբեր շերտեր ներկայացված կլինեն հանձնաժողովում, և կապահովվի մրցույթի անաչառ ընտրություն։
Նշենք, որ «Տարվա լավագույնները» մրցույթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման նպատակով։ Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով` բաղկացած ինը անդամից: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ, երեքը՝ նախարարությունից, երկուական՝ մանկավարժական բուհերից և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։
Հավելենք, որ «Տարվա լավագույնները» մրցույթը կազմակերպվում և անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ` հետևյալ երեք փուլերով՝
1) ծրագրային առաջարկների ընդունում,
2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,
3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։
Մրցույթին կարող են մասնակցել ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցութային հանձնաժողովի ձևավորումից հետո ԿԳՄՍ նախարարությունը կհայտնի մրցութային հայտերի ընդունման մասին:\\
https://escs.am/am/news/9521?fbclid=IwAR1_705c3l4RnqQtKM47dKr0vS1A7O0G-9OgXH_cGPoV1Oq0MoKll2U6H_U