Հաղորդագրություններ Հանրակրթություն

Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը

Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ ջանքերով:

Այս տարի մրցույթն ուներ 2 հիմնական անվանակարգ․ «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի»՝ իրենց տարածքում այգի ունեցող դպրոցների համար, և «Լավագույն այգին պատուհանագոգին»՝ համեմատաբար ցուրտ կլիմայով մարզերի համար։

Դեռևս մարտին մեկնարկած մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 7 մարզերի 35 դպրոցներ: Մասնակից դպրոցների համար կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրել են մրցույթի պայմանները և պարզաբանել մրցութային փաթեթների պատրաստման գործընթացին առնչվող հարցերը։

Դպրոցները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը ներկայացրել են նախագծերը՝ պահանջվող փաստաթղթերով և լուսանկարներով:

Ըստ սահմանված չափանիշների՝ ներկայացված 18 փաթեթները գնահատվել են մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տեղական և միջազգային կազմակերպությունների՝ (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI), «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ), «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության և Armenia Tree Project (Էյ Թի Փի) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում հաղթող են ճանաչվել

  • Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը (Լոռու մարզ) – 326 միավոր,
  • Մրգաշենի միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ) – 319 միավոր,
  • Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 23 հիմնական դպրոցը (Կոտայքի մարզ) – 311 միավոր։

«Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լանջաղբյուրի Վ. Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)։

Խրախուսական մրցանակ են ստացել.

● 4-րդ տեղի համար՝ Մեղրաձորի Հ․ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց (Կոտայքի մարզ) – 303 միավոր։

● 5-րդ տեղի համար՝ Ծակքարի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ) – 289 միավոր։

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։ 2-5 րդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան սարքավորումներ՝ դպրոցական ճաշարանների համար։

Լրացուցիչ կպարգևատրվեն հետևյալ դպրոցները.

  • Մրցույթին մեկից ավելի անգամ մասնակցած դպրոցներ. Գեղարքունիքի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ), Կաթնաղբյուրի հիմնական դպրոց (Կոտայքի մարզ), Դիտավանի հիմնական դպրոց (Տավուշի մարզ), Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ)։
  • Կախովի այգու ստեղծագործական գաղափարը ներկայացրած մասնակից՝ Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց (Լոռու մարզ)։

Կանցկացվի հանդիսավոր մրցանակաբաշխություն, որին կմասնակցեն կազմակերպիչները, պաշտոնյաները, մասնակից դպրոցների աշակերտները:

2024 թ․ «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթն անցկացվել է չորրորդ անգամ: Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղկացուցիչն է և կոչված է խթանելու դպրոցական այգիների զարգացումը։ Նախաձեռնության նպատակն է ընդլայնել դպրոցական սնունդի մեջ օգտագործվող թարմ բանջարեղենի և բույսերի մասնաբաժինը, ինչպես նաև հետաքրքրություն ձևավորել երեխաների մոտ օրգանական գյուղատնտեսության հանդեպ՝ նրանց ծանոթացնելով հողի մշակման հիմունքներին։

Այս տարի մասնակից դպրոցներին առաջարկվել էր կայուն գյուղատնտեսության և ստեղծարարության խրախուսման, ինչպես նաև առողջ սննդի օգտագործման սովորությունների ձևավորման նպատակով օգտագործել դպրոցականների հեղինակած գարնանային ուտեստների նկարները։ Աշակերտներից պահանջվել էր նաև ագրոակումբներ ստեղծել՝ համագործակցության ընդլայնման և գիտելիքների փոխանակման նպատակով։